Tuesday, March 23, 2010

Rosa Hovhannisyan- Poems in Armenian


ԱՂՋԿԱ ՔԱՐՏԵԶ-ՈՒԺԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ

Ինչ-որ մեկը պետք է վերադառնա,
Անվանակոչելու այս իրերը
Եվ ձեռք պարզելու ձևերին ճերմակած...
Եվ մարմինս,
Որ մրսողի ծափահարությունն է
Օրերի դեմքին
Եվ պատուհասից հմայվածի
Ձայն-ներկայություն,
Դեռ կափկափում է
Ընթացիկ հապաղումների թափից,
Պատերս դարձնում անձրևոտ ու ջղաձիգ,
Ինչպես շարքից դուրս
Ձեռքս սեղմողի համար
Գրված բանաստեղծություն:
Ու դեռ չգտած նախեղակ բառը,
Ոչ մի մանրամասն,
Ես դուրս եմ գալիս բացեիբաց,
Մերկության ծոպերից անդին,
Չառարկելով հուսալ մանրամաղ կարոտը
Շուռումուռ տվողներին,
Որոնք պարզապես փորձում ե գտնել
Գոյի պահպանման գործառությունը:
Ես դուրս եմ գալիս մյուս ժամանակների համար`
Շնչառությամբ ծածկելու հիշատակներս
Երկնքի անութներում,
Որոնց տեսլացած լույսի մեղեդին
Նարոտի հանգույն ձգվում է իմ մեջ,
Իբրև զվարթուն ոգեղենություն:
Ես դուրս եմ գալիս սկզբի և վախճանի
Ձայնարկու տարերքը
Կողերիս մեջ հավերժորեն բանտած,
Եվ կափկափը մարմնիս,
Իբրև առասպելյալ սարսուռ,
անհնարին պահերի առաջ
Դարձնում եմ
ՈՒԺ-ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ:

Օ, ՎԱՐԴ ԿԼԻՆԵՄ

Ես կհաղթեմ փշին`
Իմ կարծր սովորույթ,
Օտար վարդ չճանաչած փշին:
Կհաղթեմ նվաստ վարդությամբ,
առանց զորանշան,
Եվ առաջին անգամ
առաջինը կլինեմ հավասարների մեջ:
Մատնացույց մի արեք,
Ինձ դեսպակով չեն տանի,
Կամ չեն ամրացնի 
Լամբակին արքայազնի:
Հենց անփուշ կլինեմ,
Նորեկ կդառնամ ծանոթներիս մեջ,
Իմ պատկերը կհառնի նրանց համար
Իբրև խոտորնակ վարդ,
Իբրև մի այլախոհ,
Որ կերպիս բարձր`
Բույրի համար
Տարածություն չունի:
Ես աննման կլինեմ.
Մի սերունդ: Երկրորդը: Հաջորդիվ:
Այլևս աննման:
Եյ, անխոտելիներ,
Համահող, համաջուր վարդմեծարներ,
Համաթուփ քույրեր ու եղբայրներ,
Եկե'ք, տեսե'ք արտասովոր չնմանիս,
Տեսեք` բոլորի աչքի առաջ
Փուշս ինչպես եմ թողնում:

ԱՆՁՐԵՎԻՆ

Ես դեռ կգամ, կանցնեմ քո միջով,
Դեմքս կհպեմ կաթիլներիդ մաշկին
Եվ սաղմոսի բառեր կասեմ քեզ:
Ես ամեն օր քո հեռացող ջրերից
Թիթեռներ կփրկեմ,
Որ սպիներս զարդարեմ
Հայելու մեջ:
Ես ամեն օր կկարդամ անունդ,
Որ ապրեմ մինչև վերջ:
Իմ մեությա ցանկապատը կծաղկի,
Երբ դու հասնես ինձ
Ու ավելի ինձ գտնելու համար
Անցյալիս հասնես:
Արի հացի դեմքով,
Որ երկիր կոչեմ քեզ,
Երբ ուրիշ անուն տամ,
Ավելի շուտ կձուլվեմ քո էությանը:
Անձրև', 
Մնա հավերժի շրջանակ,
Որ անցյալի ազդրերից
Բարձրացող ծաղիկը
Դառնա հրաշք-երեխա:

*** *** ***

Ծափահարիր մինչև մահ - իբր թե ինչ է եղել,
Երգող թիրախ եմ հիմա - իբր թե ինչ է եղել:

Զուր եկածի տխրությամբ կհեռանամ ես էլի,
Քո հոգին էլ է ամ - իբր թե ինչ է եղել:

Խլափեղկը անցյալի ծաղկի պես բարձրանում,
Անհունորեն ու անահ - իբր թե ինչ է եղել:

Մի քրքիջի համար էլ այս կյանքը չի հերիքի,
Կորուստով ենք հոգեհմա - իբր թե ինչ է եղել:

Փակ աչքերի զարմաքով` անաձնական մի ցավի
Դեռ կարող ենք դիմանալ - իբր թե ինչ է եղել:


*** *** ***

Այդ գիշեր քնեցի 
Խեղկատակի ոտքերի տակ,
Լուսաբացին ուսերիս վրա
Երբացած շուրթեր կային,
Օրհնություններիս ներկապնակը թողեցի
Խաչքարերի մոտ
Ու հավատիս փետուրներով
Սկսեցի ճակատագրեր զարդարել:
Մոմե ժպիտով մեկը ինձնից
Թշվառություն մուրաց,
Ես օգնեցի նրան
Ծափահարող ցավի բավիղներում:
Ցորենի հրապույր ունեցող մի փոքրիկ 
Ինձ մամա կանչեց:
Գրպաններս լցրեցի աղոթքներով,
Որ չորբանամ փոքրիկից,
Ամաչեցի ցուցափեղկի մեջ
Ողբերգություն ապրել,
Մի օրվա համար երկու ողբերգությունը շատ էր...

*** *** ***

Այսօր շատ եմ երեխա,
Թող գլորվեմ ծոցիդ մեջ,
Ափսոսա ինձ գրկիդ մեջ,
այսօր շատ եմ երեխա:

Կաթիլ-կաթիլ թող ներս գամ,
Որ արմատներդ զգամ,
Այսօր շատ եմ երեխա,
Թող գլորվեմ ծոցիդ մեջ:
  

No comments:

Post a Comment